Քանի որ երեկվա գրառումիս արձագանքները մտորումների տեղիք տվեցին` շարունակելով թեման. Իշխանությունների «Մատյան գունդը»` ֆեյսբուքներում մարտնչող ՔՊ-ականների թիմը, որոնց այդպես կազմակերպված ու արդյունավետորեն օգտագործում է իրենց առաջնորդը, բազմաշերտ է ու բազմադեմ: Եկեք միասին մոդելավորենք, թե ինչպես կարող են արտաքուստ ոչ հիմար, բավականին կյանքի փորձ ունեցող, բավարար տեղեկատվության տիրապետող ՔՊ-ական «հոմո սապիենսները» 2025 թվականին նիկոլական լինել, արդարացնել նրա արածներն ու ասածները, համարել, որ մեր երկիրը ճիշտ ուղով է գնում, իսկ իրենց քննադատողները «չար ու նախանձ», «թալանածը պաշտպանող» նախկիններն են, կամ էլ «ռսաճորտերն» ու «ռուսի ագենտները»:
Նրանց մեծ մասի մոտ, անշուշտ, ստոկհոլմյան սինդրոմն է աշխատում` երբ բռնարարից, ագրեսորից զոհի կախվածությունն այնքան է մեծանում, որ նա սկսում է սիրել, հիանալ իր նկատմամբ բռնություն գործադրող, իրեն օգտագործող անձով: Բայց միայն այս սինդրոմը չէ, ուրիշ գործոններ էլ են աշխատում: Օրինակ այն, որ իրենք ինչքան էլ ձգտում են, չեն կարողանում «շեֆի» նման քլնգել, վիրավորել, մինչեւ հոգու խորքը խոցել ընդդիմախոսներին: Նաեւ այն, որ «շեֆի» մի հրահանգով մարդկանց են կալանավորում ու դատում, իսկ իրենք նման հնարավորություն չունեն: Նաեւ այն, որ շեֆը նորանոր ձեւեր է գտնում` հանրությանը հիպնոսացնելու- հիմարացնելու, իսկ իրենք դա չեն կարողանում, կամ` վատ են կարողանում:
Գիտե՞ք` ՔՊ-ականներն ինչ հիացմունքով ու նախանձով են նայում Փաշինյանի` փողկապ կապելու հոլովակները, որոնք մի քանի հազար լայք են հավաքում, կամ` երբ ամբողջ օրը փնովում է Արարատ սարը, հայկական մշակույթի, պատմության դեմ կոնկրետ քայլեր անում, իսկ հետո` իր սենյակում նստած հայկական երաժշտություն է վայելում, դա նկարում, գցում ֆեյսբուք ու տիկտոկ` շոկ եւ շփոթություն առաջացնելով հանրության մոտ:
Բացի այդ, «շեֆը» անձնական շփումների մեջ էլ է կրեատիվ: Օրինակ, կարող է մոխրամանը (բաժակը, կոշիկը...) մեկի գլխին շպրտել, հետո նույն մարդուն կանչել իր սենյակ ու հետը ջերմ զրուցել` երեխեքից, մամայից- պապայից հարցուփորձ անել: Եւ բռնության ենթարկված սույն «Հոմո սապիենսին» դա իր կյանքի ամենաերջանիկ օրը կթվա ու նա պատրաստ կլինի «շեֆի» համար կյանքն էլ տալ:
«Շեֆը» հատկապես ուշադիր է, այսպես կոչված, ՔՊ էլիտայի նկատմամբ` նրանց, ովքեր մի քանի ստատուս ավելի են գրում, մի քանի լայք ավելի են հավաքում, մի քանի քֆուր ավելի են տալիս ընդդիմությանը: Նրանք պարբերաբար հրավիրվում են շեֆի առանձնատուն` խորոված ուտելու, խորաթա անելու: Այդ օրերին «շեֆը» շատ մեծահոգի է, խոսքաշատ, հոգսաշատ, ինքնաքննադատ, մտահոգ եւ այդ օրերն անջնջելի հետք են թողնում թիմի վրա: Նրանք հետո օրերով քննարկում են. տեսա՞ր` այսինչ բանն այսպես ասաց, այնինչը` այնպես: Եւ ինչքան շատ են հրավիրվում, այնքան շատ են ընկնում «շեֆի» ազդեցության տակ, յուրացնում նրա հիվանդ մտքերն ու բառամթերքը, հավատում նրան եւ կտրվում իրականությունից:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ